Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում դեղամիջոցների արտադրման և ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող «Ֆարմատեք» ընկերություն:
Հիմնական արտադրամասում և լաբորատորիաներում շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Ֆարմատեքի» գործունեության պայմաններին, արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Կառավարության ղեկավարը կարևորել է դեղագործական այս ընկերության գործունեության ընդլայնումն ու արտադրական ծավալների ավելացումը:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև «Արաբկիր» բժշկական համալիր, ծանոթացել մատուցվող մանկաբուժական ծառայություններին, ապա խորհրդակցություն անցկացրել «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Խորհրդակցության ընթացքում կառավարության ղեկավարը ներկայացրել է առողջապահության ոլորտում նախատեսվող բարեփոխումները և դրանց փիլիսոփայությունն ու նպատակը: Քննարկվել են, մասնավորապես, ոլորտում կոռուպցիայի վերացման, մատուցվող ծառայությունների որակի, պետական պատվերի բաշխման համակարգի, դեղորայքային քաղաքականության, պետական վերահսկողության մեխանիզմների, մարզային առողջապահական համակարգերի խնդիրները:
Վարչապետը հորդորել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ ներկայացուցիչներին՝ Առողջապահության նախարարի հետ ակտիվ համագործակցությամբ մշակել և ներկայացնել քննարկված հարցերին վերաբերող կոնկրետ առաջարկությունների փաթեթ:
Նյութի աղբյուր՝ gov.am