Ֆրանսիական ANIOS ընկերությունը հայկական PharmaTech–ում ախտահանող միջոցների հոսքագիծ է գործարկել (լուսանկարներ)

Մենք ընտրել ենք Հայաստանը, որպես տարածաշրջանում ամենահարմար երկիր, որտեղ մենք կարող ենք ներկա գտնվել, որպեսզի հեռանկարում այլ շուկաներ դուրս գանք։ Այս մասին հայկական PharmaTech ձեռնարկությունում ֆրանսիական Laboratoires ANIOS  ընկերության արտադրական հոսքագծի բացման ժամանակ մարտի 28-ին ասել է ընկերության հիմնադիր Բերտրան Լըտարտրը։

«Արդեն 115 տարի է Laboratoires ANIOS –ը մարտնչում է ինֆեկցիաների դեմ սննդի ձեռնարկություններում ու բժշկական հաստատություններում՝ այդ աղետի դեմ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլում։ Մենք մշակել ենք դրանց դեմ պայքարի մեր տեխնոլոգիան»,- ասել է նա լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը տեղեկացրել է, որ ANIOS –ը դեղամիջոցների ու ախտահանիչ միջոցների խոշորագույն արտադրողներից է, որն իր  արտադրանքը մատակարարում է ավելի քան 150 երկրներ։ Ընկերությունը արտադրություն ունի Թուրքիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում ու Կիպրոսում, իսկ հիմա նաեւ Հայաստանում։ Նա նշել է, որ Հայաստանում ANIOS ընկերության ախտահանիչ միջոցների գործածումից հետո երկրում դիտարկվում է ներհիվանդանոցային ինֆեկցիաների կրճատում, ինչը վկայում է այդ միջոցների բարձր որակի մասին։

Նախարարը ANIOS–ի ախտահանիչ միջոցները համեմատել է ֆրանսիական օծանելիքի հետ։ «Կա մեծ տարբերություն Ֆրանսիայում ու երրորդ երկրներում արտադրված օծանելիքի միջեւ։ Նույնը կարելի է ասել նաեւ ANIOS -ի արտադրանքի մասին։ Եվ մենք այսօր Հայաստանում կրկնօրինակում ենք այդ բարձրորակ արտադրանքի արտադրությունը»,- ասել է Լեւոն Ալթունյանը։

Նախարարը նշել է, որ քննարկվում է տվյալ արտադրանքը հետագայում երրորդ երկրներ՝ մասնավորապես Ռուսաստան ու Իրան արտահանելու հարցը։

PharmaTech ընկերության տնօրեն Վահան Արուշանյանը NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այսօր նրանց գործարանում գործարկված է արտադրական գործընթացի միայն փոքր մասը, նրանք կիսաավտոմատ ռեժիմով տարաների մեջ են լցնում ախտահանիչ միջոցները։ Հետագայում ծրագրվում է գործարկել միջոցների շշալցման ամբողջովին ավտոմատ հոսքագիծ, իսկ հեռավոր հեռանկարում՝ սկսել ֆրանսիական տեխնոլոգիայով ախտահանիչ միջոցների արտադրություն։

«Վերջնական նպատակն է դուրս գալ ԵՏՄ շուկա արդեն ոչ թե ֆրանսիական, այլ տեղական, տեղայնացված հայկական արտադրանքով։ Այստեղ ունենալով տեղայնացված արտադրություն՝ «պատրաստված է Հայաստանում» նշումով, ֆրանսիացիները հեշտ մուտք կստանան դեպի ԵՏՄ ու այն շուկաներ, որոնց հետ ԵՏՄ-ն ազատ առեւտրի մասին պայմանագիր ունի։ Իսկ այդ երկրներում մեր դիստրիբյուտորական ցանցի օգտագործումը  կհանգեցնի արտադրանքի գների նվազմանը ու այն ավելի մրցունակ կդարձնի այդ շուկաներում»,- ասել է նա։

Նախարար Լեւոն Ալթունյանը ու ANIOS ընկերության ղեկավար Բերտրան Լըտարտրը լցրել են առաջին երկու կոնտեյներները ու դրանց վրա պիտակներ փակցրել։

Արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժան–Ֆրանսուա Շարպանտյեն։

PharmaTech հայկական ձեռնարկությունում շշալցված ֆրանսիական Hexanios եւ Surfanios ախտահանիչ միջոցները «Գարնիլայն» ընկերությունը մրցունակ գներով նախ կներրկայացնի Հայաստանի ու Ղրղզստանի շուկաներում։

Նյութի աղբյուր՝ news.am